Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Ֆուտբոլային անցուդարձ


   Այսօր մի փոքր շեղվենք Մարտունուն վերաբերող թեմաներից և անցում կատարենք դեպի հայկական ֆուտբոլ, ավելի կոնկրետ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անցկացրած վերջին խաղերին: Ներկայացնեմ իրավիճակը, այնուհետև փորձենք եզրակացություններ անել:

 
 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը բաժին էին ընկել, ըստ իս, բավական անհարմար մրցակիցներ. այդ խումբը ես կկոչեմ «մահվան խումբ»: Մեր խմբում ընդգրկված է Իտալիայի հավաքականը, որն 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունը և կասկածից վեր է, որ Իտալիայի հավաքականը խմբից դուրս կգա առաջին պատվավոր հորիզոնականով, իսկ մնացած խմբերի խնդիրը Իտալիայից միավոր «փախցնելն է»: Տեղեկացնեմ, որ խմբում ընդգրկված են 6 թիմ և նրանցից միայն երկուսը հնարավորություն ունեն անցնելու եզրափակիչ փուլ: Ստացվում է, որ խմբից դուրս գալու մեկ ուղեգիրը արդեն պարզ է. այն նվաճելու է Իտալիան, իսկ ահա մյուս ուղեգրի համար պայքարում են 4 ուժեղագույն թիմեր՝ Չեխիան, Դանիան, Բուլղարիան և Հայաստանը: Չեխիան,որ աշխարհի հավաքականների քսանյակի մեջ է մտնում, ունի հիանալի թիմ. դարպասապահ, որ աշխարհում լավագույն դարպասապահների եռյակի մեջ է, այն շատ ծանր մրցակից է ցանկացած թիմի համար: Դանիա՝ չունեն ֆուտբոլային գերաստղ, բայց խաղում են շատ գրագետ և կարող են իրենց խաղով տհաճ անակնկալներ մատուցել հակառակորդին: Բուլղարիա՝ բուլղարացիների կազմում հիմնականում ընդգրկված են երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, ինչպես երևում է, այդ կազմը արդարացնում է իրեն: Չորրորդ թիմ՝ Հայաստան: Հարկ եմ համարում նշել, որ մեր հավաքականում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: Յուրաքանչյուր հայ պետք է հպարտանա այս ֆուտբոլիստով, քանի որ նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև լավ մարդ, գրագետ մարդ (տիրապետում է 5 լեզվի), բարեգործ և իհարկե արդար քրտինքով դարձած միլիոնատեր: Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ մեր խմբում խաղացող թիմերի մեջ չկան. դա փաստում է այն, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մոտավորապես հավասար է Բուլղարիայի, Դանիայի, Մալթայի և Չեխիայի ֆուտբոլիստների տրասֆերային արժեքները միասին վերցրած: Անվերջ կարելի է խոսել մեր պարծանքի մասին, բայց, թերևս, այսքանով սահմանափակվենք: Մենք ունենք նաև մի քանի անհատական վարպետություն ունեցող ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես շատ կարևոր են թիմի համար՝ Յուրա Մովսիսյան, Արազ Օզբիլիս, Գևորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Ռոման Բերեզովսկի, Լևոն Հայրապետյան, Արթուր Եդիգարյան և այլն: Անցնենք վերջին մրցակցին, որը չի պայքարում ուղեգրի համար. դա Մալթայի հավաքականն է: Մալթան աշխարհի համեստ թիմերից է: Արդեն երկրորդ տարին է, ինչ նա ընդունում է մեր խաղերը: 12 տուրից կայացել են 10-ը, մյուս երկու խաղերը կանցկացվեն հոկտեմբեր ամսին և վերջապես պարզ կդառնա, թե որ թիմերն են մասնակցելու աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
  
Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի վերջին երկու խաղերին՝ Չեխիա-Հայաստան (1-2), Հայաստան-Դանիա (0-1): Չեխիա Հայաստան խաղին երկար ենք սպասել, պատճառն այն է, որ Հայաստանը նախորդ արտագնա խաղին գերխոշոր հաշվով հաղթանակ էր տարել (0-4) հզոր Դանիացիների դեմ, այդ իսկ պատճառով անհամբեր սպասում էինք այդ հանդիպմանը՝ ակնկալելով հայերից նմանատիպ խաղ: Արդարության համար նշեմ, որ մեր «բախտը» շատ էր բերում: Չեխ ֆուտբոլիստները մոտիկ տարածությունից չէին կարողանում գրավել Բերեզովսկու դարպասը, իսկ նման դեպքերում գործում է ֆուտբոլի չգրված օրենքը՝ «չես խփում դու, խփում են քեզ»: Առաջին հզոր պահը՝ Կառլեն Մկրտչյանը հեռահար հարվածով գրավեց Պետեր Չեխի «ամրոցը»: Խաղը 180 աստիճան փոխվեց. առաջին կարգով խաղում էին արդեն մեր տղաները, գրոհը գրոհի հետևից: Սակայն քիչ անց եղավ շատ անտրամաբանական իրադարձություն: Չեխ ֆուտբոլիստները, չիրացնելով բազում գոլային պահեր, գոլ խփեցին մի ոչ այնքան վտանգավոր հարվածով: Գնդակը դիպավ մեր լավագույն պաշտպանի ծնկին և հայտնվեց դարպասում (1-1): Խաղը շարունակվեց չեխերի առավելությամբ, ընդանում էր ավելացված ժամանակի երկրորդ րոպեն, երբ ամեն հայի տուն լցվեց ուրախությամբ՝ Գևորգ Ղազարյանը խփեց Հայաստանի հաղթական գոլը (1-2): Խաղն ավարտվեց մեր հաղթանակով: Վաստակեցինք այդքան ցանկալի 3 միավորը: Մեր տղաները վերադարձան Հայաստան, որպեսզի պատրաստվեն 4 օր հետո կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը: Հայաստանը ընտրական այս փուլում տանը դեռ հաղթանակ չէր տարել. սա ավելի էր պարտադրում մեր տղաներին ցույց տալ առավելագույնը և հաղթել:

   Հրազադն մարզադաշտ, 30000 հանդիսական, թմբուկներ, դրոշներ, բարձր տրամադրություն, նպատակ, նպատակասլացություն, ոգի և քաջություն. ամեն ինչ պատրաստ է խաղի համար: Խաղն սկսվեց դանիացիների առավելությամբ, բայց այդ առավելությունը չհանգեցրեց ոչ մի գոլային պահի: Առաջին խաղակեսի վերջում Վարդան Մինասյանը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, ստիպված կատարեց հարկադրական փոփոխություն: Վնասվածք էր ստացել մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կառլեն Մկրտչյանը, որին փոխարինեց Արթուր Սարկիսովը, բայց երկրոդ խաղակեսի հենց սկզբին նույն Արթուր Սարկիսովը ևս վնասվածք ստացավ և կատարվեց երկրորդ հարկադրական փոփոխությունը: Առանց այն էլ մեր թիմը խաղում էր մեծ կորուստներով և իրավիճակը ավելի սրվեց Սարգիսովի և Կառլենի հեռանալուց հետո: Առանց մեկ վայրկյան մտածելու՝ կասեմ, որ Հայաստանի հավաքականի ներկայիս լավագույն պաշտպանը Վարազդատ Հարոյանն է: Նա հիանալի էր գործում մինչև այն պահը, երբ իր «սև գործը» արեց տարիքը: Երիտասարդ Վարազդատը սառնասիրտ չգտնվեց՝ մեր տուգանային հրապարակում հակառակորդի նկատմամբ խախտելով կանոնները: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված: Հաշիվը բացվեց 0-1 և, ցավոք, այլևս գոլեր չգրանցվեցին: Դանիան արտագնա հաղթանակ տարավ մեր նկատմամբ: Մրցաշարային աղյուսակը նայելով՝ հասկանում ենք, որ Հայաստանը դեռ շանսեր ունի դուրս գալու եզրափակիչ փուլ, մնում է մնացած երկու խաղերում հաղթանակ տանել: Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում են «հայերը ֆուտբոլ խաղալ չգիտեն» ասեմ, որ գուցե մենք չենք դարձել աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, բայց համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կլսենք Հայաստանի հավաքականի չեմպիոն դառնալու մասին
Արման Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий