Մարտունու պատկերասրահ
Մարտունու պատկերասրահը ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղն է, որտեղ ներկայացված են սոցեալիզմին վերաբերող կտավներ, ինչպես նաև տեղի նկարիչների աշխատանքներ։ Այս պատկերասրահում կարելի է տեսնել մի ծառի կոճղ՝ խաչքարով, որը գտել են ծառի մեջից։ Տեղի բնակիչների պնդմամբ՝ այդտեղից դուրս հորդող էներգիայի շնորհիվ խաչքարը կարող է երազանքներ իրականացնել։
Մի փոքր պատկերասրահի և կտավների պատմության մասին:

Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թվականին` մշակույթի նախարարության նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 200 թանգարանային առարկա (գեղանկար, քանդակ, գրաֆիկա) ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թվականների հայ կերպարվեստը, որը շարունակում էր նախորդ տասնամյակներին ձևավորված կոմունիստական գաղափարաբանական պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» կարգախոսի ներքո: Հավաքածուն առանձնանում է նրանով, որ գործերի գերակշռող մասը ստեղծվել է պետական պատվերով` Նկարիչների տանը կազմակերպվող հանրապետական ցուցահանդեսների համար, որից հետո դրանք պահվում էին շրջիկ արվեստանոցի ֆոնդերում: Ցուցահանդեսների թեմատիկան բազմազան էր. դրանք արձագանքում էին Հոկտեմբերյան հեղափոխության ամենամյա տոնակատարություններին, Հայրենական Մեծ պատերազմում տարած սովետական ժողովրդի հաղթանակի հոբելյաններին, ինչպես նաև երկրի շինարարությանը, սպորտին, աշխատանքին, ուսմանը, հավերժական թեմային` մայրությանը, և այլն: Այս հավաքածուն լուսաբանում է նշված տասնամյակների Հայաստանի գեղարվեստական կյանքը, ներկայացնելով մի քանի սերունդ կողք-կողքի ստեղծագործող նկարիչների աշխատանքները (բացառություն են կազմում ժողովրդական նկարիչներ Սեդրակ Առաքելյանի և Գաբրիել Գյուրջյանի կտավները): Արվեստագետների ավագ սերնդի ներկայացուցիչներից են նաև Մհեր Աբեղյանը, Երվանդ Քոչարը, Եփրեմ Սավայանը: Ցուցադրությունում ներկայացված է նրանց արժանի հետնորդների մի փայլուն համաստեղություն` Ա. Բեքարյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան, Գ. Խանջյան, Ս. Մուրադյան, Ա. Կալենց և ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրն իր տաղանդի ուժով դրսևորում էր ազգային գեղարվեստական լեզվի հատկանիշները:




ՄԵԼԱԿ
Комментариев нет:
Отправить комментарий